Ամուսնությունն օգտակար է առողջության համար
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ամուսնությունը դրական ազդեցություն ունի առողջության վրա՝ բարձրացնելով ապրելու շանսերը սրտի հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններից մեկի, օրինակ, բարձր խոլեստերինի առկայության դեպքում, տեղեկացնում է BBC-ն: Բանն այն է, որ սիրող ամուսինը կարող է ձեզ ստիպել, որ դուք ավելի լավ հոգ տանեք ձեր մասին, նշում են գիտնականները՝ սրտանոթային հիվանդությունների բրիտանական ընկերության խորհրդաժողովում ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները:
Դոկտոր Պոլ Քարթերը եւ նրա գործընկերները, որոնք պատրաստել են ուսումնասիրությունը, ավելի վաղ արդեն հայտարարել էին, որ ամուսնությունը մեծացնում է ապրելու շանսերը սրտի տագնապի դեպքում: Նրանց նոր աշխատությունը բացատրում է, թե դա ինչի հետ կարող է կապված լինել:
Նրանք այն կարծիքին են, որ ամուսնությունն օգնում է՝ մարդուն զերծ պահել ռիսկի այնպիսի գործոնների ներգործությունից, ինչպիսիք են խոլեստերինը, բարձր ճնշումը կամ շաքարախտը Հետազոտությանը մասնակցել են գրեթե մեկ միլիոն բրիտանացիներ, որոնց մոտ հայտնաբերվել են առողջության հետ կապված այդ խնդիրները:
Գիտնականները պարզել են, որ մինչեւ 14-ամյա հետազոտության վերջը խոլեստերինի բարձր մակարդակով մոտավորապես 50, 60 եւ 70 տարեկան կանանց ու տղամարդկանց ապրելու շանսերը 16 տոկոսով բարձր են եղել, եթե նրանք ամուսնացած են եղել:Նույն այդ սկզբունքն աշխատել է նաեւ նրանց համար, ովքեր տառապում էին շաքարախտից ու բարձր ճնշումից:
Համատեղ ապրող, ամուսնուց հեռացած կամ բաժանված կամ այրիացած անձանց համար արդյունքներն այդչափ հստակ չեն եղել:
«Ինչպես երեւում Է, ամուսնության մեջ ինչ-որ բան կա, որը պաշտպանում Է ոչ միայն սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց, այլեւ նրանց, ովքեր ռիսկի գործոններ ունեն»,-կարծում Է Քարթերը: