«Ղարաբաղյան հարցում Իրանի և Թուրքիայի շահերը տարբերվում են». իրանագետ
Ներկա փուլում Իրանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը չի ազդի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վրա: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Կատարի հարցում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը և ղարաբաղյան խնդիրը տարբեր հարթություններում պետք է դիտարկել:
«Դրանք իրականում տարբեր հարցեր են և պետք չէ Իրանի Թուրքիայի հարաբերությունների` այս փուլում լավացումը կապել ղարաբաղյան խնդրի հետ: Ղարաբաղի խնդրի հետ կապված, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, Իրանի շահերը տարբերվում են Թուրքիայի շահերից: Այստեղ Իրանը չի պատրաստվում զիջումներ անել այլ հարթություններում դիվիդենտներ ստանալու համար: Հյուսիսային հատվածը Իրանի համար ևս շատ կարևոր է»,-ասաց Գոհար Իսկանդարյանը:
Իրանագետը նկատեց, որ երկու երկրներն այս պահին համագործակցում են Կատարի հարցում, բայց, օրինակ, սիրիական խնդրում տեսակետները բավական տարբեր են:
«Չի կարելի կարծել, որ եթե Թուրքիան ու Իրանը համագործակցում են, ուրեմն դառնում են եղբայրներ: Ոչ, ավելի քանի 500 տարի է նրանցից յուրաքանչյուրը տարածաշրջանում փորձում է դառնալ առաջատար, բայց կան խնդիրներ, որոնց պարագայում երկու երկրները մշտապես համագործակցում են: Լավագույն օրինակը քրդական խնդիրն է»,-ասաց նա:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց է կատարել Թուրքիա: Այցի շրջանակում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Կատարի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները: