Հայաստանը մտադիր է 2017-ին Doing Business-ի վարկանիշում դիրքը բարելավել առնվազն 4 կետով
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017թ. միջոցառումների ծրագրին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կառավարության 2016թ. ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման այնպիսի քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը, որոնք 2017թ. արդյունքներով կհանգեցնեն Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելը (Doing Business) վարկանիշում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման՝ առնվազն 4 կետով:
«Գործարարությամբ զբաղվելը 2017-Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի համաձայն` Հայաստանը 190 երկրների շարքում նախորդ տարվա վերագնահատված արդյունքների (43-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 5 կետով` բարձրանալով 38-րդ տեղը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի:
«Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: Արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Նախատեսվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը»,- ասաց Կարայանը:
Ծրագրով նախատեսված 49 միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը:
Ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով: Ըստ վերոնշյալ զեկույցի՝ դեռևս խնդիրներ կան հարկերի վճարում, շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրականության միացում, սնանկացման ճանաչում ոլորտներում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ծրագրի իրականացումը և նշեց, որ գործարար միջավայրի կանոնակարգումը կնպաստի տնտեսական աճին ուղղված ջանքերի արդյունավետ իրականացմանը:
Վարչապետը հանձնարարեց անհրաժեշտ տեղեկատվությունը տեղադրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում և պարբերաբար հանդիպումներ կազմակերպել բիզնես միջավայրի ներկայացուցիչների հետ: Գործադիրի ղեկավարը նախարարին հորդորել է նախատեսվող միջոցառումները վերոնշյալ ոլորտներում, հատկապես, սնանկացման ճանաչման, պահել ուշադրության կենտրոնում: