Իրանում տեղի ունեցածը պահանջում է գերտերությունների համագործակցությունն ահաբեկչության դեմ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ընդգծում է, որ Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը պահանջում է գերտերությունների համագործակցությունն այդ մարտահրավերի դեմ:

«Այն,  ինչ տեղի ունեցավ Իրանում, դատապարտելի է: Փաստ է, որ տեղի ունեցածը պահանջում է տարբեր ուժերի, առաջին հերթին գերտերությունների համագործակցությունը: Կարող են լինել տարբեր տարաձայնություններ, որոնք առկա են, դրանք չեն վերանա, բայց պետք է լինի այն գիտակցումը, որ կա ընդհանուր մարտահրավեր, որը վերաբերում է բոլոր պետություններին և ժողովուրդներին»,- ասաց փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով Կատարի Պետության հետ շուրջ 10 երկրների դիվանագիտական հարաբերությունների խզմանը՝ Քոչարյանն ասաց, որ դա կապված է այն իրավիճակի հետ, որը տիրում է Մերձավոր Արևելքում, այն միտումների հետ, որոնք կան, մասնավորապես, Սաուդյան Արաբիայում՝ հակաիրանական տրամադրությունների մասով: ՀՀ փոխարտգործնախարարը կարծիք հայտնեց, որ սուննի պետություն Կատարն, այնուամենայնիվ, չի միանա այն կոալիցիային, որն ուղղված է Իրանի դեմ: Ըստ նրա, Կատարը հակված է Իրանի հետ համագործակցության:

Հունիսի 7-ին Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 43-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները եւ Մավրիկիոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Հունիսի 6-ին նրանց միացել Է Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղորդակցության դադարեցումը, բանկային գործառնությունների կասեցումը, Կատարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Տեսանյութեր

Լրահոս