ԵՄ-ի 20 երկրներ համաձայնության են եկել եվրոպական դատախազություն ստեղծելու շուրջ
Եվրամիության 20 անդամ պետություններ, որոնք միավորված են եվրոպական դատախազության (EPPO) ստեղծման «ընդլայնված համագործակցության» ձեւաչափում, հունիսի 8-ին համաձայնեցրել են այն օրենսդրությունը, որում շարադրվում են նրա դերը եւ գործառման մանրամասները: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
«EPPO-ն որոշակի պայմաններում լիազորություններ կունենա դատական կարգով հետաքննել եւ հետապնդել ԵՄ-ում կատարվող խարդախությունները եւ մյուս հանցագործությունները, որոնք վերաբերում են միության ֆինանսական շահերին: Այն կմիավորի եվրոպական եւ ազգային իրավապահ մարմինների ջանքերը ԵՄ-ում խարդախություններին հակազդելու համար»,-ասված է Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ:
EPPO-ի կենտրոնական գրասենյակը հաստատվելու է Լյուքսեմբուրգում: Եվրահանձնաժողովը EPPO-ի կողմից հետաքննչական եւ դատախազական առաջադրանքների կատարումն սկսելու ժամկետ կսահմանի այս մարմնի ստեղծումից հետո Եվրոպայի գլխավոր դատախազի առաջարկության հիման վրա: Հաղորդագրության մեջ ճշտվում է, որ այդ ժամկետը կնշանակվի ոչ շուտ, քան համաձայնեցված կանոնակարգի ուժի մեջ մտնելուց երեք տարի անց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: