Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի կառավարությունների ղեկավարները քվեարկել են ընտրություններում

Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հունիսի 8-ին քվեարկել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Մեյն ամուսնու հետ իրենց ձայները տվել են Անգլիայի հարավում գտնվող Բերքշիրի կոմսության ընտրատեղամասում: Տեղամասերի բացումից հետո առաջին ժամերին քվեարկել է նաեւ Շոտլանդիայի գործերի առաջին նախարար եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) առաջնորդ Նիկոլա Սթերջենը: Ամուսնու հետ միասին նա քվեարկելու համար ժամանել է Գլազգոյի ընտրատեղամաս:
Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առանձին տեղամասերում, մասնավորապես, Լոնդոնում, գոյացել են քվեարկել ցանկացողների հերթեր:

Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 650 տեղերի գլխավոր հավակնորդները պահպանողականների, լեյբորիստների, լիբերալ-դեմոկրատների, Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) եւ Շոտլանդիայի ազգային կուսակցության (SNP) ներկայացուցիչներն են:

Մեծ Բրիտանիայի տարածքում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին): Ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր: Որպես ընտրողներ գրանցված 46,4 միլիոն բրիտանացիներ քվեարկելու հնարավորություն կունենան մինչեւ ժամը 22:00-ն: Դրանից անմիջապես հետո առաջատար հեռուստաալիքները կհայտարարեն էքզիթպոլերի արդյունքները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտնի դառնան հունիսի 9-ի առավոտյան: Ընտրությունների արդյունքներով որոշվելու է Համայնքների պալատի նոր կազմը, որի մեջ մտնում են 650 պատգամավորներ (ըստ ընտրատարածքների թվի): Պատգամավորական մանդատների կեսից ավելի ստացած կուսակցությունը կստանա կառավարություն կազմելու իրավունք:

Վերջին հարցումների արդյունքների համաձայն, հիմնական պայքարը կարող է ծավալվել կառավարող Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս