Բաժիններ՝

Հալածյալ թուրք լրագրողն արժանացել է «Ազատության ոսկե գրիչ» մրցանակի

Թերթերի և լրատվական հրատարակիչների համաշխարհային ասոցիացիան ամենամյա մամուլի ազատության մրցանակը՝ «Ազատության ոսկե գրիչը» հանձնել է թուրք լրագրող, «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին: Այս մասին հայտնում է Sun Star-ը:

Դյունդարը մրցանակի է արժանացել մամուլի ազատության արժեքների պահպանության գործում ծավալած գործունեության, ինչպես նաև իր թուրք գործընկերներին ցուցաբերած աջակցության համար:

«Լրագրողներին քաջություն է անհրաժեշտ, քանի որ նրանց վրա կախվել է վախի ամպը. վախն ամենուր է և այն այնքան հզոր է: Ես եկել եմ աշխարհում լրագրողների համար ամենամեծ բանտից. Թուրքիայում իմ գործընկերներից շուրջ 150-ը ներկայում ճաղերի հետևում են: ԶԼՄ մեկ ներկայացուցչի բանտարկումն ահաբեկում է հարյուրավոր ուրիշ լրագրողների»,- պարգևատրման ժամանակ նշել է Դյունդարը:

Արարողությանը ելույթ ունեցող Խմբագիրների համաշխարհային ֆորումի նախագահ Դեյվ Քոլըուեյը նշել է, որ լրագրությունը հանցանք չէ: «Թուրքիան պետք է անմիջապես ու առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր լրագրողներին, ովքեր բանտարկվել են իրենց կատարած աշխատանքի պատճառով»,- նշել է նա:

Շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող լրագրող Դյունդարը թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիրն էր: 2015 թվականին նա իր գործընկերների հետ ձերբակալվում է մի հրապարակման համար, որում բացահայտել էր թուրքական հետախուզության կողմից Սիրիայի ապստամբներին զինելու փաստը:

92 օր բանտում անցկացնելուց հետո Դյունդարն ու նրա գործընկերը 2016 թվականի փետրվարի 26-ին ազատ են արձակվում: Սահմանադրական դատարանը վճռում է, որ նրանց դատապարտումը «ազատության անհիմն սահմանափակում» է:

2016 թվականի հունիսից Դյունդարը վտարանդի է և բնակվում է Գերմանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս