Հայաստանը՝ կատարյալ զբոսաշրջային ուղղություն. Gulf Times-ի անդրադարձը
Կատարական Gulf Times-ը Հայաստանի մասին հոդված է հրապարակել՝ մեր երկիրն անվանելով «կատարյալ զբոսաշրջային ուղղություն»: Լրատվամիջոցը գրել է հյուրընկալ բնակչության, կայուն եղանակի ու հանցավորության ցածր մակարդակի մասին:
Gulf Times-ը նշում է, որ տարբեր առաջատար ավիաընկերություններ ցածր գներով ավիափոխադրումներ են իրականացնում դեպի Հայաստան, ինչի շնորհիվ շատ զբոսաշրջիկներ նախընտրում են արձակուրդներն անցկացնել հենց այնտեղ:
Պարբերականը նշում է, որ արագ սննդի ցանցերում ու ռեստորաններում հնարավոր է սնվել 3 ԱՄՆ դոլարից սկսած: Թվարկելով հայաստանյան ռեստորաններում տարբեր երկրների խոհանոցների ճաշատեսակների առկայությունը՝ Gulf Times-ը ընդգծում է, որ այստեղ կարելի է տեսնել հատուկ «հալալ» կերակրատեսակների կերակրացանկ:
Որպես կարևոր առավելություն է նշվում այն, որ զբոսաշրջության խթանման նպատակով Հայաստանում դյուրացվել են վիզայի հետ կապված գործընթացները:
«Հայաստանում կարելի է տեսնել անհամար հրաշալի վանքեր, որոնք շատ հաճախ տեղակայված են անասելի գեղեցկություն ունեցող բնության մեջ: Հայաստանի մայրաքաղաք Երևանը ողջ Եվրոպայում ամենաարագ զարգացող քաղաքներից է»,- գրում է Gulf Times-ը:
Որպես առանձին հիշատակման արժանի վայրեր են նշվում նաև «Շիկահողի պետական արգելոցը», Սևանա լիճը, «Դիլիջան ազգային պարկը», Նորավանքը, Ծաղկաձորը, Գեղարդի վանական համալիրն ու Գառնու հեթանոսական տաճարը: