«Ցավալի է, որ տեսանելի չէ, թե մշակույթի նախարարն ինչպես է մասնակցում այս գործընթացին». ԱԺ փոխնախագահ
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այս կարևորագույն նախագծի քննարկման ժամանակ ճյուղային ոլորտների նախարարները ցուցաբերել են բացարձակ պասիվություն.
«Ե՛վ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ առողջապահության, և՛ մշակույթի՝ պասիվ են։ Ես նայեցի նրանց գնահատականները և տեսա, որ դրանք բացարձակ նեյտրալ են։ Ինձ շատ զարմացրեց, որ «Հայֆիլմի» սեփականաշնորհման հետ կապված Մշակույթի նախարարությունը որևէ կարծիք չի հայտնում։ 2003 թե 2004թ. «Հայֆիլմը» մասնավորեցվեց, դրանից հետո մեզնից պահանջվեց մոտ 15 տարի, որ չիրականացված ներդրումային պարտավորություններն արձանագրենք, ստեղծենք նոր «Հայֆիլմ» պետական ընկերություն, և այսօր հայտնի չէ, թե մենք ինչն ենք մասնավորեցնելու։ Ինձ համար ցավալի է, որ տեսանելի չէ, թե մշակույթի նախարարն ինչպես է մասնակցում այս գործընթացին»։
Մելքումյանի խոսքով՝ մասնավորեցման գործընթացը ներդրումային քաղաքականություն է. «Եթե մենք ապացուցում ենք, որ շղթայում բոլորը մասնավոր օբյեկտներ են ու պետականը չի կարողանում գոյատևել, ուրեմն՝ պետք է գնանք մասնավորեցման, բայց նման խնդիր չկա, և առողջապահության նախարարն ասում է՝ տեղյակ չէ՝ կա՞ն ներդրողներ, թե՞ ոչ, այդ մոտեցումը պետական մտածողություն չէ»։
Ըստ նրա՝ պետությունը պետք է ենթակառուցվածքներ և պայմաններ ձևավորի, որպեսզի ներդրողը կարողանա հաճույքով ներդրումներ կատարել. «Խոշոր ներդրումների դեպքում պետությունը պետք է կարողանա մասնակցել և որոշակի պարտականություններ իրականացնել»։