Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը ուղիղ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր:
Որպես ընտրողներ գրանցված 46,4 միլիոն բրիտանացիներ քվեարկելու հնարավորություն կունենան մինչեւ ժամը 22:00-ն: Դրանից անմիջապես հետո առաջատար հեռուստաալիքները կհայտարարեն էքզիթպոլերի արդյունքները, իսկ ընտրությունների վերջնական արդյունքները պետք է հայտնի դառնան հունիսի 9-ի առավոտյան:
Ընտրությունների արդյունքներով որոշվելու է Համայնքների պալատի նոր կազմը, որի մեջ մտնում են 650 պատգամավորներ (ըստ ընտրատարածքների թվի): Պատգամավորական մանդատների կեսից ավելի ստացած կուսակցությունը կստանա կառավարություն կազմելու իրավունք: Ընտրությունների նախօրեին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ ձայների տարբերությունը կազմել է 1 տոկոսային կետից պակաս, ինչի մասին վկայում են վերջին նախընտրական հարցման արդյունքները, որը կատարել է Survation ինստիտուտը։
Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը: Հարցումը կատարվել է հունիսի 6 – 7-ը՝ Լոնդոնի ահաբեկչական գրոհից հետո: Survation-ի՝ հունիսի 3-ի հարցումը նույնպես ցույց է տվել մեկ կետի տարբերություն՝ 40 տոկոս 39-ի դիմաց:
Մինչդեռ, YouGov-ի վերջին նախընտրական հարցման տվյալներով՝ պահպանողականներին պաշտպանում է 42 տոկոսը, լեյբորիստներին՝ 35 տոկոսը: Kantar-ի հասարակական հարցումը նույնպես ի հայտ է բերել թորիների առաջատարությունը, բայց ավելի փոքր տարբերությամբ: Այսպես, կառավարող կուսակցության պաշտպանությամբ հանդես է եկել հետազոտության մասնակիցների 43 տոկոսը, իսկ 38 տոկոսը նախապատվությունը տվել է լեյբորիստներին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: