Բաժիններ՝

Իրանում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

Առնվազն 13 մարդ է զոհվել հունիսի 7-ին Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով, ևս 43 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆագարիի արած հայտարարությանը:

Ավելի վաղ հայտնի էր 12 զոհվածների և 42 վիրավորների մասին: Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Թեհրանում ահաբեկչական գրոհներին մասնակցածներն իրանցիներ էին: «Ինչ վերաբերում է հարձակվողների անձերին, ես կարող եմ ասել, որ նրանք Իրանի տարբեր շրջաններից էին և միացել էին ԻՊ-ին»,- ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ներկայացուցիչը, որի խոսքը տարածել է տեղական հեռուստատեսությունը:  Նախօրյակին Իրանի ՆԳ նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն՝ ճշտելով հունիսի 7-ի առավոտյան Թեհրանում տեղի ունեցած հարձակումների մանրամասները: Նշվել է, որ ահաբեկիչների երկու խմբեր միաժամանակ հարձակումներ են իրականացրել իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում և Իրանի խորհրդարանում:

ՆԳ նախարարության տվյալներով՝ ահաբեկիչների առաջին խումբը, որը բաղկացած էր երկու մարդուց, ներխուժել Է Թեհրանի հարավում գտնվող իմամ Խոմեյնիի դամբարան, ինչից հետո նրանցից մեկը ինքնապայթեցում է իրականացրել, երկրորդը ոչնչացվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում:

Չորս ահաբեկիչներից բաղկացած երկրորդ խումբը հարձակում է կատարել Իրանի խորհրդարանի վրա: Մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարք: Եվս երեք ահաբեկիչներ ոչնչացվել են անվտանգության ուժերի կողմից: Ինչպես հայտնել են Իրանի ՆԳ նախարարությունում, ներկայում իրադրությունը վերահսկվում է անվտանգության ուժերի և իրավապահ մարմինների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս