Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ». Կլասիկա՝ Կլասիկոյի փոխարեն

Այսօր երեկոյան ժամը 22:45-ին կկայանա ֆուտբոլային ամենասպասված իրադարձությունը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Յուվենթուս»-«Ռեալ Մադրիդ»:

Այսօր մենք կտեսնենք կլասիկա՝ Կլասիկոյի փոխարեն: «Յուվենթուսը» կարողացավ ապացուցել, որ արժանի է խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ իր ճանապարհին շրջանցելով, ըստ վիճակագրագետների՝ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ամենահավանական հաղթողին՝ կատալոնական «Բարսելոնային»: Նույն վիճակագրագետները նշում էին, որ այս տարի Չեմպիոնների լիգայում կտեսնենք Էլ Կլասիկո: Կատալոնացիները հաջող հանդես չեկան Չեմպիոնների լիգայում, իսկ մադրիդյան ակումբը լուծեց իր խնդիրները՝ առանց զգալի դժվարությունների, և հիմա Քարդիֆում է:

Մադրիդյան ակումբը հաղթել է Եվրոպայի ամենամեծ մրցաշարում 11 անգամ, իսկ թուրինցիները կարողացել են հաղթող ճանաչվել 2 անգամ՝ 1985-ին և 1996-ին: Թուրինյան ակումբը, սակայն, ունի յուրահատուկ հակառեկորդ. «Յուվենթուսը» պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում 6 անգամ:

«Յուվենթուսն» այսօր հաղթելու դեպքում կլինի 9-րդ ակումբը, ով կձևակերպի ոսկե հեթ-թրիք՝ թրեբլ: Ալեգրիի սաները հաղթել են իտալական Ա սերիայում և Իտալիայի գավաթում: Թուրինյան ակումբը կարող է դառնալ երկրորդը՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո, որ կհաղթի Չեմպիոնների լիգան առանց որևէ պարտության:

Կարդացեք նաև

«Ռեալ Մադրիդը» կարող է դառնալ պատմության միակ ակումբը, որ պաշտպանել է իր տիտղոսը և երկրորդ անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Իսկ Զիդանը կդառնա միակ մարզիչը, ով երկու տարի շարունակ հաղթել է բաղձալի գավաթը: Նույն տրամաբանությամբ՝ Սերխիո Ռամոսը կդառնա միակ ավագը, ով երկու տարի շարունակ իր գլխավերևում է պահել բոլոր ավագների երազանքի գավաթը:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում Ռոնալդուն խփել է 10 գնդակ և միայն 1 գնդակով է զիջում Լիոնել Մեսսիին: Եթե Ռոնալդուն այսօր դառնա մեկ գոլի հեղինակ, ապա կդառնա 5 տարի շարունակ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն:

Բացի այդ, Ռոնալդուն և Ռամոսը կարող են դառնալ առաջին ֆուտբոլիստները, ովքեր գոլ կխփեն Չեմպիոնների լիգայի երեք եզրափակիչներում:

Կարծիքներ.

Մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսը նշում է, որ սա իր կյանքի կարևորագույն հանդիպումներից մեկն է, և թիմն անելու է ամեն բան հաղթելու համար:

Թիմի շանսերը Ռամոսը դիտարկում է 50-50 հարաբերակցությամբ:

«Մեր մրցակիցը շատ ուժեղ է, բայց մենք ևս հզոր ենք: Մենք պետք է ապացուցենք, որ մեծագույն թիմ ենք:

Մենք խաղը սկսելու ենք 0-ից: Այստեղ կարևոր չեն նախկին արդյունքները: Մենք պետք է խաղանք մաքսիմալ տրամադրված»:

Գուցե լինեն նաև 11-մետրանոցներ: Ռամոսը նշել է, որ Բուֆֆոնի դեմ խաղալիս 11-մետրանոցն իրացնողն  ինչ-որ նոր բան պետք է մտածի:

«Բուֆֆոնի դեմ Պանենկայի ոճով հարվածելը նույնիսկ չի քննարկվում: Չգիտենք՝ ինչ ենք մտածելու, բայց նրա դեմ խաղալիս նոր բան է պետք հորինել»,- նշել է Ռամոսը:

Մադրիդյան ակումբի առաջատար Ռոնալդուն նշում է.

«Ավելի լավ է վատ խաղանք, քան պարտվեք գեղեցիկ խաղով: Կարծում ենք՝ մենք գլխավերևում կպահենք գավաթը:

Մեր մրցակիցը հզոր է, բայց մենք կանենք ամեն բան: Մենք ավելի ուժեղ ենք և կապացուցենք դա»:

«Յուվենթուսի» պաշտպան Դանիել Ալվեսը չի կարծում, որ մադրիդցիներն այս խաղի ֆավորիտն են: Ըստ Ալվեսի՝ ուժերը հավասար են, և իրենք ևս հաղթելու լավ շանսեր ունեն:

Ալվեսը նշել է, որ 1998 թվականին մադրիդցիները եզրափակչում հաղթել են միայն խաղից դուրս գոլի շնորհիվ, այնպես որ, իրենք ապացուցելու բան ունեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս