Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ արած TOP-10 երկրները
2017 թվականի մարտի վերջի դրությամբ՝ Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը։
1998 թվականից մինչև մինչև 2017թ. մարտի վերջն ընկած ժամանակահատվածում ՌԴ ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են մոտավորապես 2.4 տրիլիոն դրամ կամ 5 մլրդ դոլար։
Նշենք, որ ներդրումների համախառն հոսքերը ընդգրկում են 1988թ. մինչև 2017թ. մարտի վերջն ընկած ժամանակահատվածում միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը (առանց պարտավորությունների գծով մարումների, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանի- կական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունների):
Համախառն հոսքերի ընդհանուր ծավալն այս ընթացքում կազմել է 6 տրիլիոն 529.1 մլրդ դրամ կամ մոտ 13.5 մլրդ դոլար։
Ռուսաստանին, ինչպես նշեցինք, բաժին է ընկնում մոտ 5 մլրդ դոլարը կամ ընդհանուրի 36.6%-ը։
Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 1 մլրդ 427.5 մլն դոլար (10.5%), երրորդում՝ Ֆրանսիան 1 մլրդ 54 մլն դոլար (7.8%)։
Առաջին հնգյակում են նաև Կիպրոսը և Կանադան։
Վերը նշված 13.5 մլրդ դոլարից մոտավորապես 7.5 մլրդ դոլարը ուղղակի ներդրումներն են։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով նույնպես առաջին տեղում Ռուսաստանն է՝ մոտ 3.6 մլրդ դոլար կամ ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 47.4%-ը։
Առաջին եռյակը նույնն է, սակայն դասավորությունն է տարբեր. ուղղակի ներդրումների ծավալով երկրորդ տեղում Ֆրանսիան է (946 մլն դոլար կամ ընդհանուրի 12.5%-ը), երրորդում՝ Գերմանիան (387.9 մլն դոլար կամ ընդհանուրի 5.1%-ը):
Չորրորդ տեղում ԱՄՆ-ն է, հինգերորդում՝ Արգենտինան։