«Աշխատանք է տարվում Գերմանիայից Հայաստան ներդրողներ բերելու ուղղությամբ». ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Հայաստանն ու Գերմանիան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ունեցել են խորացված հարաբերություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Այս տարի նշվում է Հայաստանի ու Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Առաջին տարիներից մենք ունեցել ենք շատ խորացված հարաբերություններ: Գերմանիան ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ: Մենք ունենք համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում՝ առևտուր, ներդրումային ծրագրեր, մշակութային միջոցառումներ և այլն»,- ասել է Մաթիաս Քիսլերը:
Խոսելով երկու երկրների առևտրաշրջանառության ցուցանիշներից` դեսպանը նշել է, որ դեռ որոշակի անհավասարակշռություն կա, որովհետև Գերմանիան ավելի շատ է արտահանում Հայաստան, քան Հայաստանը` Գերմանիա:
«Պետք է ասեմ, որ դա աշխարհի այլ երկրներին նույնպես վերաբերում է, որովհետև Գերմանիան շատ է կախված արտահանումից: Ամեն դեպքում ես հավատացած եմ, որ Հայաստանը դեռ տեղ ունի առևտրաշրջանառությունն ավելացնելու: Աշխատանք է տարվում նաև Գերմանիայից Հայաստան ներդրողներ բերելու ուղղությամբ»,-ասաց դեսպանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ. հունվարի 31-ին: Հաստատումից ի վեր, երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ և խորանալ: Այս մասին է վկայում նաև փոխադարձ այցելությունների թվի աճը, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն ունեն Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի 2013թ. մարտի 5- 7-ը, Գերմանիայի նախկին արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի 2016թ․ հունիսի 29- 30-ը և 2014թ․ հոկտեմբերի 23-ին Հայաստան կատարած այցելությունները, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բեռլին՝ 2016թ․ ապրիլին։