Բաժիններ՝

Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս. խաղից առաջ

Հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Այս խաղի նախապատրաստական շրջանում ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս և Նևիսի հետ: Այս հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ազգային հավաքականը բանավոր պայմանավորվածություն է ունեցել Հյուսիսային Իռլանդիայի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ, սակայն այս պայմանավորվածությունը չեղարկվել էր, և ընկերական խաղ անցկացնելու հնարավորությունը բաց չթողնելու համար հավաքականը որոշել է խաղալ Սենթ Քիթս և Նևիսի հետ:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խոսքով՝ կարևոր չի, թե ինչ անունով թիմի հետ ենք խաղալու, կարևոր է, որ թիմը կարողանա լավ մարզավիճակում լինել Չեռնոգորիայի հետ խաղից առաջ:

«Լավ ռադիոյին» տված հարցազրույցում էլ Արթուր Պետրոսյանը նշել է, որ ընկերական խաղում կխաղան բոլոր առաջատարները, այդ թվում՝ Մխիթարյանը: Հենրիխը, ամենայն հավանականությամբ, կխաղա միայն մեկ խաղակես:

Կարդացեք նաև

Ընկերական խաղում ազգային հավաքականը կունենա կազմի փոփոխություններ, որոնք կապված են ոչ միայն փորձարկումների հետ: Կամո Հովհաննիսյանը չի խաղա, քանի որ հունիսի 4-ին խաղ ունի իր ակումբում: Միայն այդ հանդիպումից հետո նա կմիանա հավաքականին: Նմանատիպ խնդիր կա նաև Արաս Օզբիլիսի հետ, ում հավաքականին վաղ միանալը կախված է մարզչից:

Այս անգամ հավաքական են հրավիրվել նաև Նարեկ Ասլանյանը և Արմեն Մանուչարյանը: Ըստ հավաքականի գլխավոր մարզչի՝ Նարեկ Ասլանյանը կփոխարինի վնասվածք ունեցող Գոռ Մալաքյանին, իսկ Արմեն Մանուչարյանը՝ Հովհաննես Համբարձումյանին

Ընկերական հանդիպման, ինչպես նաև Չեռնոգորիայի հետ խաղի համար հավաքական են հրավիրվել արտասահմանում խաղացող՝ 15, իսկ ներքին առաջնությունից՝ 6 ֆուտբոլիստներ: Արտասահմանցի հրավիրված ֆուտբոլիստների շարքում աչքի է զարնում «Անժիում» հանդես եկող դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի անունը, ով, սակայն, դեռևս հստակ չի պատասխանել ֆեդերացիային:

Ներքին առաջնությունից հավաքական են հրավիրվել Արսեն Բեգլարյանը՝ «Ալաշկերտ», Գրիգոր Մելիքսեթյանը՝ «Գանձասար-Կապան», Արմեն Մանուչարյանը՝ «Փյունիկ», Գագիկ Դաղբաշյանը՝ «Ալաշկերտ», Արտակ Գրիգորյանը՝ «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտ», Նարեկ Ասլանյանը՝ «Փյունիկ»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս