Հունիսի 1-ից հայկական առաջին 360 աստիճան կինոթատրոնը՝ «Երևան Մոլում»
Հունիսի 1-ից սկսած «Երևան Մոլում» EyeDome լիագմբեթ կինոթատրոնի միջոցով հնարավոր է դիտել 360 աստիճան ձևաչափով ֆիլմեր:
Ֆիլմերը մշակվում են «Technology and Science Dynamics» ընկերության կողմից: Ֆիլմերը ստեղծվում են կրթական նպատակներով և անդրադառնում են տարբեր առարկաների, սկսած աստղագիտությունից՝ մինչև կենսաբանություն, պատմություն։
Նախագծի նպատակն է՝ աջակցել կրթական հաստատություններին ուսուցման գործընթացում և տրամադրել գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք կարող են օժանդակել դասավանդմանը և ավելի պատկերավոր ու դյուրընկալելի դարձնել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են, օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, մաթեմատիկան:
Նախագծի հեղինակներից մեկը՝ Արմինե Ղազարյանը, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես ծնվեց գաղափարը.
«Ես ու ամուսինս հեղինակներից ենք: Մենք ունենք փոքրիկ բալիկ, ու իր կրթության համար անհանգստանալով էլ՝ առաջացավ գաղափար՝ ստեղծել այնպիսի մի բան, որ ինքը կարող է տեսնել, զգալ ու ավտոմատ սովորել: Ֆիլմերն այնպիսի պատկերավոր զգացողություն են առաջացնում, որ մարդն իրեն զգալով իրադարձությունների կիզակետում՝ սովորում է այն, ինչ տեսնում է»:
360 աստիճան ձևաչափով ֆիլմերը հնարավոր է դիտել 360 աստիճան կինոթատրոնում կամ վիրտուալ իրականության սարքավորումների միջոցով:
Անի Թորոսյան