Քաբուլում կատարված ահաբեկչությանն ի պատասխան Աֆղանստանում մահապատժի կենթարկեն 11 զինյալների
Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որն 90 մարդու կյանք խլեց, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարգադրել է մահվան դատավճիռն ի կատար ածել այն 11 զինյալների նկատմամբ, որոնք կապված են «Թալիբան» շարժման եւ «Խաքանիի ցանց» խմբավորման հետ: Այս մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկավտությամբ՝ Աֆղանստանի ղեկավարի ստորագրած որոշումը վերաբերում է ծայրահեղական կազմակերպությունների հանգուցային դաշտային հրամանատարների: Քաբուլում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 31-ի առավոտյան: Ականապատված ավտոցիստեռնը պայթել է դիվանագիտական թաղամաս տանող հսկիչ անցակետում:
Աֆղանստանի առողջապահության նախարարությունը հավաստել է 90 մարդու մահը, եւս 380 հոգի տուժել է: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական
պետություն» ահաբեկչական խմբավորումը: Սակայն ավելի ուշ Աֆղանստանի Անվտանգության ազգային դիրեկտորատը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունը պլանավորել է «Խաքանիի ցանց» խմբավորումը՝ Պակիստանի միջգերատեսչական հետախուզության հետ համակարգմամբ:
«Խաքանիի ցանց» խմբավորումը բազավորվում է Պակիստանի Հյուսիսային Վազիրստանի շրջանում եւ պայքար է մղում Աֆղանստանի իշխանությունների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: