Բաժիններ՝

«Դրական ռիսկերն այս տարի դեռևս պահպանվում են». Վարդան Արամյան

Կառավարությունը, ինչպես և խոստացել է, այս տարի կապահովի 3.2% տնտեսական աճը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Գրեթե մոտնենում ենք Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծման աշխատանքների ավարտին։ Հուլիսին դա հանրության դատին կհանձնվի։ Մակրոտնտեսական շրջանակները գրեթե պատրաստ են, մենք առաջիկա տարիներին նախատեսում ենք շատ ավելի բարձր տնտեսական աճ՝ 4.3-5.7%»,- ասաց Վ.Արամյանը։

Ըստ նրա՝ դրական ռիսկերն այս տարի դեռևս պահպանվում են, որովհետև պետք է հաշվի առնել նաև համաշխարհային տնտեսության զարգացումներն ու կոնյունկտուրան. «Առայժմ սցենարներն այնպիսին են, որ մեր առևտրային գործընկերների մոտ մի փոքր հնարավոր է բարձր տնտեսական աճի ցուցանիշ դրսևորվի, օրինակ՝ ՌԴ-ում այժմ խոսում են 1.5-2% տնտեսական աճի ցուցանիշի մասին, իսկ, հիշեցնեմ, մեկ տարի առաջ խոսում էին 0.8-1% աճի մասին։ Եթե նույթականանան այս բոլոր դրական ռիսկերը, դա որոշակի առումով դրական կազդի նաև մեզ վրա։ 3.2% տնտեսական աճն այն է, ինչը որ մենք ջանքեր ենք գործադրելու, դա մեր ներքին պոտենցիալի հաշվին է լինելու։

Մենք ունեցել ենք ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականություն անցած տարի, և դա լագային էֆեկտով այս տարի իր ազդեցությունը թողնելու է։ Կառավարության նիստերում մենք ԱԱՀ հետաձգման հնարավորություններ ենք տվել բազմաթիվ տնտեսվարողների, ինչը նշանակում է՝ ներդրումներ։ Այս տարվա առաջին եռամսյակի օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշն արդեն հրապարակվել է, և ունենք մոտ 30% աճ»։

Կարդացեք նաև

Կապիտալի արտահոսքի աճի հետ նախարարը չհամաձայնեց. «Իրականում այդպես չի, որովհետև օտարերկրյա ուղղակի ներդրումներն անցած տարի առաջին եռամսյակում կազմել են 14 մլրդ 900 մլն դրամ, այս տարի մենք ունեցել ենք 19.4 մլրդ դրամ առաջին եռամսյակում։ Այսինքն՝ զուտ առումով մեզ մոտ ներհոսքը դրական է, շուրջ 5 մլրդ դրամով ուղղակի օտար ներդրումներն աճել են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս