«Հնարավոր չէ անընդհատ հրադադարի ռեժիմի և փոխադարձ վիրավորանքների պայմաններում շարունակել ապրել». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
«ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային գորըծնթացում գտնվում է իր ակտիվ, գործուն կարգավիճակում։ Եռանախագահները մշտական կապի մեջ են, և մշտական շփում ու կապ կա նաև երկու բանակցող երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
Նա նաև տեղեկացրեց, որ 10 օր հետո կանոնավոր այցերի շրջանակում համանախագահները կայցելեն տարածաշրջան։
«Մինսկի խմբի առաքելությունն է՝ ձեռնարկել մի միջոց, որը հնարավորություն կտա լուծում գտնելու, բայց լուծում գտնողը Մինսկի խմբի համանախագահությունը չէ, լուծում գտնողները հակամարտող երկու կողմերը պետք է լինեն»,- նկատեց դեսպանը։
Խոսելով այս խնդրի շուրջ Ֆրանսիայի դիրքորոշման մասին՝ Ժան-Ֆրանսուա
Շարպանտիեն ասաց. «Բոլորովին վերջերս՝ մարտին, կայացավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի օրակարգում անդրադարձ եղավ ղարաբաղյան հակամարտությանը, և այդ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ Ֆրանսիայի նախագահի կողմից հաստատվեց Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ պահը հասունանալուն պես հետագա բանակցային գործընթացի ժամանակ կողմերին ընդունելու, հանդիպումը կազմակերպելու»։
Նրա համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի լուծումը գտնվի հնարավորինս արագ, և լինի այնպիսի լուծում, որը երկուստեք ընդունելի կլինի, և այնպիսի տարբերակ, որը հիմնված կլինի հիմնարար երեք սկզբունքների վրա։
«Զուտ մարդկային և նաև քաղաքական տեսանկյունից հնարավոր չէ անընդհատ հրադադարի ռեժիմի և փոխադարձ վիրավորանքների պայմաններում շարունակել ապրել»,- նկատեց դեսպանը։
Անդրադառնալով Միսնկի խմբի տարածած վերջին հասցեական հայտարարությանը, որն ուղղված էր Ադրբեջանին՝ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց. «Այս վերջին հայտարարություններն ավելի հասցեական են, քան նախորդները, բայց դրանց նախորդած հատարարությունները ևս միանգամայն հասցեական են եղել, եթե հնարավոր է եղել կարդալ տողատակերը»։
Ռոզա Հակոբյան