«Ցավում ենք, որ որոշում է կայացվել փակելու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«Ցավում ենք և իսկապես տխուր ենք, որ որոշում է կայացվել փակելու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, որովհետև միանգամայն կարևոր և հետաքրքիր աշխատանք էր իրականացնում ԵԱՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոսելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին՝ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Նրա կարծիքով՝ դա ոչ միայն ճիշտ, լավ կառավարման, ժողովրդավարության ոլորտի հաջողված գործունեություն էր, այլև ավելի լայն շրջանակ էր՝ ԵԱՀԿ-ն տնտեսական, բնապահպանական ոլորտին առնչվող  առաքելություն էր իրականացնում։
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեց Արգո Ավակովին, ով ղեկավարում էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, իր կատարած ծանրակշիռ աշխատանքի համար։

«Ամեն դեպքում Ֆրանսիան, և՝ ոչ միայն, ափսոսում է նման որոշման համար, և ուզում եմ ասել, որ ընդամենը 2 օր առաջ Հայաստանում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, ով հանդիպում ունեցավ ՀՀ նախագահի և արտգործնախարարի հետ։ Քննարկումների շրջանակում էին բոլոր այն եղանակները, որով հնարավորություն կտրվի շարունակել ԵԱՀԿ-Հայաստան  հետագա համագործակցությունը»,- ասաց դեսպանը։

Ռոզա Հակոբյան

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս