Հայաստանը բարելավել է դիրքերը երկրների գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ վարկանիշը: 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը:
Անցած տարվա համեմատ Հայաստանը երեք տեղով բարելավել է դիրքերը գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում: Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 82-րդ հորիզոնականն էր զբաղեցնում:
Աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը և
Ամերիկայի Միացյալ Նահանգները: 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է Նիդեռլանդները, 5-րդը՝ Գերմանիան:
Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն աղյուսակում 59-րդ է, Թուրքիան` 55-րդը, Իրանը` 76-րդը: Ադրբեջանը գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան և Եմենը:
Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշների հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների: