«Խայտառակություն». Թուրքիայի պատասխանը՝ Քեմերոնին
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի այն արտահայտությունը, թե «Թուրքիան 3000 թվականից շուտ Եվրամիության անդամ չի դառնա», որակել է որպես «խայտառակություն»: Այս մասին հայտնում է Milliyet-ը:
«Եթե ինչ-որ մեկը ասում է, որ Թուրքիան Եվրամիություն չի մտնի 3000 թվականից ոչ շուտ, ապա դա նրա ամոթն է, այլ ոչ թե մերը»,- հայտարարել է Քուրթուլմուշը՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում:
«Թուրքիան երկիր է, որը ձգտում է հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ», հավելել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Թուրքիան 3000 թվականից շուտ ԵՄ անդամ չի դառնա միության անդամակցության բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում:
«Անգամ հնարավորություն չկա, որ Թուրքիան անդամ մոտ ժամանակներս դառնա ԵՄ: Նրանք հայտ են ներկայացրել 1987 թվականին, և առաջընթացի ներկայիս արագության պահպանման դեպքում նրանք, հավանաբար, միությանն անդամակցելու պահին կհասնեն մոտավորապես 3000 թվականին, եթե հավատանք ամենավերջին կանխատեսումներին»,- ասել է նա ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում: