ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անցած տարի կերել է 300 կգ կարտոֆիլ
Անցած տարի պաշտոնական տվյալներով արտադրվել է 769 մլն կգ կարտոֆիլ, այսինքն` ՀՀ յուրաքանչյուր բնակիչ կերել է մոտ 300 կգ կարտոֆիլ, արտադրվել է 638 մլն կգ ցորեն, արտադրվել է 392 մլն կգ միրգ` յուրաքանչյուրի հաշվով` 130-140 կգ, 1 մլրդ կգ բանջարեղեն և այլն: Ընդհանուր առմամբ` միայն բուսաբուծության արտադրանքն անցած տարի կազմել է 4 մլրդ կգ, որը 4 անգամ ավելի է, քան Ռուսաստանում:
Այս ցուցանիշներն այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց պատագամվոր Հրանտ Բագրատյանը: «Ի՞նչ ենք անելու ադ թվերը, ի՞նչ ենք անելու գյուղատնտեսությունը»,- ասաց նա:
Նշելով, որ ուռճացվում է խաղողի բերքը, Հ.Բագրատյանը հորդորեց մտածել, թե ի՞նչ է եղել այդ խաղողը: Ըստ նրա` մթերողներն ինքնարժեքն ուռճացնում են, որ հարկ չտան և սա կոռուպցիա է: Հ.Բագրատյանի կարծիքով` արտահանման աճն այս թվերի համակցությունում չինչին է: Նա հույս հայտնեց, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անտարբեր չի մնա. «Մենք պետք է կարգի բերենք ոլորտը Ձեր հետ միասին: Կոռուպցիայի պայքարը պետք է այստեղից սկսվի: Համաձա՞յն եք, թե՞ չէ»:
Ս. Կարապետյանը հայտարարեց, թե այդ ցուցանիշները մեզ համար դեռ մի բան էլ ցածր են, նախարարությունն ավելի բարձր ցուցանիշներ է սահմանել, քանի որ գյուղատնտեսությունը հնարավորություն ունի ինտենսիվ զարգանալու:
Ըստ նրա` ՀՀ են ներկրվել բարձր արտադրողական սերմեր. «Սա վերջին սահմանը չի, հնարավորություն ունենք էլ ավելի ավելացնելու: Կարտոֆիլի բեքը 229 ց/հա է, որ եվրոպականից ցածր է, ինչո՞ւ պետք է Եվրոպայից հետ մնանք»: «Երբ Դուք աշխատում էիք կոնյակի գործարանում, այն ժամանակ հավելագրումներ կային, բայց դրանից հետո դրանք նվազել են»,- հայտարարեց Ս.Կարապետյանը, սակայն անմիջապես էլ համաձայնեց Հ.Բագրատյանի դիտարկմանը, որ նախարարը դա իր մասին չասաց: Ըստ Բագրատյանի` այդ ցուցանիշները ֆիլմ չեն, որ 2 ժամվա փոխարեն 20 ժամ նայենք. «Ռեալ պատկերն եմ ուզում տեսնեմ»: