Գորբաչովն աջակցում է Ղրիմի հանդեպ Պուտինի քաղաքականությանը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Sunday Times-ին տված հարցազրույցում աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի հանդեպ գործողություններին:
Նա ասել է, որ Պուտինի տեղը լինելու դեպքում նույն կերպ կվարվեր: «Ես միշտ ժողովրդի կամընտրության կողմնակից եմ, իսկ Ղրիմում մեծ մասը ցանկանում էր միանալ Ռուսաստանին»,- թերթը ներկայացնում է Գորբաչովի խոսքերը:
«Միակ պատճառը, որի դեպքում ես չէի գործի այնպես, ինչպես Պուտինը, եթե դեռ լինեի իշխանության գլուխ, այն է, որ Խորհրդային Միությունը կշարունակեր գոյություն ունենալ, ու Ղրիմը կլիներ դրա մասը»,- խոսքը շարունակել է Գորբաչովը:
Sunday Times-ի թղթակցի խոսքով՝ ԽՍՀՄ առաջին նախագահը դեռևս ափսոսում է ԽՍՀՄ-ի փլուզման համար:
Գորբաչովի խոսքով՝ դա «մեծ երկիր էր՝ ահռելի ռեսուրսներով»:
«Ռուսների մեծ մասը մտածում է այնպես, ինչպես ես՝ նրանք չեն ցանկանում այն վերադարձնել, սակայն խորապես ափսոսում են, որ այն փլուզվել է»,- ասել է վերջինս: