Ինչո՞ւ են դեղերը թանկանում և ինչո՞ւ են դեղերը Հայաստանում ավելի թանկ, քան Վրաստանում
Ինչո՞ւ են դեղերը թանկանում և ինչո՞ւ են դեղերը Հայաստանում ավելի թանկ, քան Վրաստանում: Այս հարցադրումներն այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նաև հայտարարեց, որ Նոյեմբերյանում «Նատալի Ֆարմ» ընկերությունը դեղատներին պարտադրում է վաճառել իր դեղերը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ Վրաստանում և Հայաստանում դեղերի գների տարբերությունը պայմանավորված է տրանսպորտային ծախսերով և ԱԱՀ-ով: Նա նշեց, որ Հայաստանում օրենքի ուժով ընդունվել է, որ պետությունը կանոնավորում է դեղերի շուկան ԱՆ կողմից փոխհատուցվող դեղերի մասով. «Սա կփոխի իրավիճակը, չգրանցված, կեղծ դեղերի հետ կապված խստացումները կբերեն որակի բարձրացման և դեղերի էժանացման»:
Մենաշնորհների հետ կապված նախարարը նշեց, որ ներմուծող-դեղատնային ցանց ունեցողների հետ փոքր դեղատները հայտնվում են անհավասար մրցակցային դաշտում, սակայն նոր օրենքով մեծածախ և մանրածախ գործընթացը տարանջատվում է:
Է.Մարուքյանը չհամաձայնեց նախարարի հետ, նշելով, որ իրականում նրա ասածի հակառակն է գործում, մանրածախները մեծածախների համեմատ անհավասար պայմաններում են, և նոր լիցենզիա հանելու պայման է դրվում, որը հղի է կոռուցպիոն ռիսկերով: Վրաստանում դեղերի էժան լինելը, Մարուքյանի կարծիքով, միայն ԱԱՀ-ի և տրանսպորային ծախսերի պատճառով չէ, այլ դեղերի մոնոպոլ ներկրման հետևանք է: