Դեղի միավորի պայմանական գինը գրեթե 4 անգամ նվազել է. Մուրադյանը գոհ է ՎՊ-ի հետ համագործակցությունից
Վերահսկիչ պալատի ստուգումներն առողջապահության ոլորտի զարգացման տեսանկյունից միանշանակ ունեցել են իրենց դրական ազդեցությունը: Նման գնահատական այսօր ԱԺ նիստում Հայաստանի վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ըստ նրա` որոշակի թերություներ կան, որոնք արդեն շտկված են, որոշակի խնդիրներ՝ լուծման ընթացքում են: Ներմուծման գների և գնումների կազմակերպման գների տարբերության վերաբերյալ Ա.Մուրադյանը նշեց, որ գնումները կատարվել են կառավարության որոշման համաձայն, բայց դա չի սահմանափակում մրցույթների մասնակիցների շահույթը: Նրա խոսքով` փորձել են կազմակերպել մցույթներ, բայց բազմաթիվ անգամ մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները չեն համապատասխանել նախահաշվայինին, և սա կազմալուծել է ամբողջ մրցույթը` խափանելով գործընթացը:
Նախարարը նշեց, որ դեղմատակարարման ծախսերը նվազեցվեցին եվրոպական արտադրողներից ուղիղ գնումների կազմակերպման արդյունքում, նաև բարձրացվեց որակը: Մուրադյանը տեղեկացեց, որ 2010-15 թթ. ամբողջ գործընթացի արդյունքում մեկ դեղի միավորի պայմանական գինը գրեթե 4 անգամ նվազել է:
Ա.Մուրադյանը վստահեցրեց, որ ՎՊ հետ նախարարության աշխատանքները կլինեն շարունակական: