Ընտրակեղծարարությունը քրեորեն պատժելու օրինագիծը դրական եզրակացություն ստացավ

յսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրինագիծը` ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, որով նախատեսվում է ընտրակեղծարարության համար սահմանել միայն քրեական պատասխանատվություն` ազատազրկման տեսքով: Սակայն, հանրապետական պատգամավորների ճնշմամբ, Մարուքյանը համաձայնեց, որ քրեական պատասխանատվությանը զուգահեռ՝ մնան նաև տուգանքները` դրանց ավելի խստացման պարագայում:

Ներկայումս կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով: 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո բազմաթիվ քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածով, բոլոր քաղաքացիները տուգանվել են 500-600 հազար դրամի սահմաններում: Ընդ որում, նրանցից որևէ մեկն աշխատանքից չի ազատվել՝ դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունենալու հիմքով:

«Ես հիմնավոր կասկած ունեմ առ այն, որ այդ տուգանքներն այդ մարդիկ չէին վճարել, այլ վճարել էին նրանց պատվիրատուները, ինչը դատաքննության ընթացքում որևէ քրգործով չի բացահայտվել: Այսինքն` նպատակը, դիտավորությունը, մոտիվը ո՞րն է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Է.Մարուքյանը:

Նա նշեց, որ ստիպված է համաձայնել, որ տուգանքները մնան, բայց ամեն ինչ անելու է, որպեսզի դրանք հնարավորինս բարձր լինեն` մի քանի միլիոն դրամ. «Ժողովրդավարության դեմ ուղղված հանցագործությունը պետք է շատ խստորեն պատժվի»:

Տեսանյութեր

Լրահոս