«Խոսքը բանակցությունների մասին չէ, խոսքը վստահությունը վերականգնելու մասին է». Սամվել Նիկոյանը՝ ՄԽ համանախագահների հայտարարության մասին

«Խոսքը բանակցությունների մասին չէ, խոսքը վստահությունը վերականգնելու մասին է: ՄԽ համանախագահները հայտարարել են իրենց պատրաստակամությունը, և Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, պատրաստակամություն է հայտնել աջակցել և գործուն քայլեր կատարել: Խոսքը վերաբերում է շփման գծում տեխնիկական սարքավորումների տեղակայմանը, որոնք ցույց կտան, թե ով է կատարել խախտումը և ով է նախահարձակ եղել: Դա, ըստ էության, հայկական կողմի պահանջն է: Խոսքն այդ մեխանիզմի տեղակայման շուրջ հանդիպման մասին է, ոչ թե բանակցությունների»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Ըստ նրա՝ դրանից հետո, եթե ստեղծվի այնպիսի մեխանիզմ, այնպիսի իրավիճակ, որ սահմանագծում վստահելի մթնոլորտ հաստատվի, միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ բանակցությունների մասին:

Ս.Նիկոյանը նշեց, որ հայկական կողմը միշտ կողմ է եղել բանակցությունների, բայց արդյունավետ բանակցությունների. «Այն, ինչ հիմա առաջարկվում է, այն, ինչ պետք է քննարկվի, դա ՀՀ խստացված պահանջների բավարարման ուղղությամբ է»:

Ս.Նիկոյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը, որովեհտև, նա կրկնեց, որ խոսքը բանակցությունների մասին չէ, խոսքը մեր խստացված պահանջների կատարմանն ուղղված քայլերի մասին է:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ նշում են, որ լիովին հավատարիմ են ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջնորդությանը: «Շփման գծում լարվածության վերջին սրացման ֆոնին՝ մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»,- ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության համաձայն՝ հանդիպման հիմնական նպատակն է լինելու՝ ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը և ձգտել բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունների վերսկսման համար:

 

Տեսանյութեր

Լրահոս