Արսեն Օհանջանյան. դիրքը հետ վերցրած 20-ամյա քաջարանցի զինվորը. news.am
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, հայրենիքին մատուցած ծառայությունների համար հուշամեդալով է պագեւատրել ժամկետային զինծառայող Արսեն Օհանջանյանին:
Արսեն Օհանջանյանը ծառայում է Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկում: Ապրիլի 2-ին հակառակորդին հաջողվել է գրավել այդ ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը: Ժամեր անց Արսենն ու ծառայակից ընկերները հետ են վերցրել դիրքը:
«Բառերով պատմելու չի. հակառակորդը մեծ վնասներ կրելով հետ շպրտվեց, իսկ մենք շարունակեցինք մեր ծառայությունը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արսենը:
Արսեն Օհանջանյանը 20 տարեկան է, երկու ամիս անց կավարտի ծառայությունն ու կվերադառնա Քաջարան:
Նա միակը չէ այս զորամասում, ով քառօրյա պատերազմում անձնվիրաբար կռվել է: Զորամասի հրամանատարական կազմը հպարտությամբ է ասում, որ զորամասից միայն ութն այսօր են պարգեւատրվել, մյուսները` տարբեր ժամանակաշրջաններում. «Հերոս զորամաս ունենք»: