Բաժիններ՝

Սիրիայում ազատ են արձակվել անցած տարվանից պատանդ վերցված իսպանացի 3 լրագրողները

Սիրիայում անցած տարի պատանդ վերցված 3 իսպանացի լրագրողներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իսպանիայի կառավարության մամուլի քարտուղարի հայտարարությանը: Խոսքը լրագրողներ Անտոնիո Պամլիեգեի, Խոսե Մանուել Լոպեսի և Անխել Սաստրեի մասին է:

Իսպանիայի նախարարների կաբինետի նախագահի պաշտոնակատար Սորայա Սաենս դե Սանտամարիան արդեն խոսել է նրանց հետ:

Իսպանական El Pais պարբերականը, հղում կատարելով Իսպանիայի կառավարությունում իր աղբյուրին, գրում է, որ լրագրողները ներկայում Թուրքիայում են գտնվում, իսկ երկրի իշխանություններն արդեն ինքնաթիռ են ուղարկել նրանց տուն վերադարձնելու համար:

Իսպանացի լրագրողներն անհետ կորել էին անցած տարվա հուլիսին Հալեպում, որը գտնվում էր «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման վերահսկողության ներքո: Նրանք ռեպորտաժ էին պատրաստում քաղաքում ստեղծված վիճակի մասին: Ընդ որում՝ այնտեղ նախկինում ևս լրագրողներ էին անետացել:

El Pais-ի աղբյուրները հայտնում են, որ լրագրողների ազատագրումը հնարավոր է դարձել շնորհիվ Թուրքիայի և Քաթարի օգնության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս