ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հավանական չի համարում պատերազմի վերսկսումը. խոսնակ
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսնակ Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում քիչ առաջ գրառում է կատարել, որտեղ հայտնում է, որ «Ռ-Էվոլուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ԼՂՀ վարչապետն ասել է, թե պատերազմի վերսկսումը հավանական չէ:
Հաղորդումը եթեր է հեռարձակվելու մոտ օրերս: Արտակ Բեգլարյանը նշում է, որ, պատասխանելով հաղորդավար Սաթենիկ Սեյրանյանի հարցին, թե արդյո՞ք պատերազմ կլինի, ԼՂՀ վարչապետն ասել է, որ ոչ, քանի որ մեր բանակը մարտունակ է:
«Այն հիմնական պարամետրերով չի զիջում ադրբեջանական բանակին, ավելին՝ հայ զինվորի ոգին անհամեմատ բարձր է, իսկ այս ժամանակահատվածում բոլորիս պատրաստականությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, քանի որ շատ լուրջ հակահարված կստանա»,- գրել է Բեգլարյանը` հայտնելով, որ Արայիկ Հարությունյանի ուղիղ խոսքը չի մեջբերել, այլ պարզապես վարչապետի «միտքն է շարադրել»: