«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փոխի հակաահաբեկչական օրենքները, որպեսզի դրա դիմաց Եվրամիությունը առանց վիզային ռեժիմ սահմանի Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Եվրամիությանը:
Այդ խոսքերը Թուրքիայի նախագահն արտաբերել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գլխավորում էր Եվրամիության հետ բանակցությունները, հայտարարեց իր հրաժարականի մասին:

Հաղորդվում է, որ Դավութօղլուն դեմ է եղել Էրդողանի պլանին՝ ընդլայնել նախագահական լիազորությունները: Էրդողանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները ոչ թե իր անձնական ցանկությունն է, այլ բխում է ազգի շահերից:

Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր, որ Թուրքիային հարկավոր է փոփոխել «ահաբեկչության» սահմանումը, որպեսզի վիզային ռեժիմը դառնա իրականության:
Մարտին կնքված համաձայնությամբ՝ Թուրքիան պետք է կատարի ԵՄ-ի 72 պահանջները, որպեսզի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու որոշմանը տրվի դրական գնահատական:

Ներկայում իրականացվել է դրանցից միայն 35-ը:

Եվրամիությունը պահանջում է նաև, որ Թուրքիան նեղացնի ահաբեկչության բնորոշումը, որպեսզի այն համապատասխանի եվրոպական չափանիշներին:

Ուրբաթ, հանդես գալով հեռուստաուղերձով, Էրդողանը մերժել է այդ հնարավորությունը: «Այն ժամանակ, երբ Թուրքիան բոլոր կողմերից ենթարկվում է ահաբեկչական սպառնալիքի, ԵՄ-ն մեզ ասում է, որ փոխենք հակաահաբեկչական օրենքը՝ վիզային ռեժիմի դիմաց»:

«Դուք (ԵՄ) թույլ եք տալիս ահաբեկիչներին վրաններ դնել ու նրանց տարբեր հնարավորություններ եք տալիս՝ հանուն ժողովրդավարության»,- շարունակել է Էրդողանը՝ ակնարկելով Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանի առաջ դրված վրանները, որոնք տեղադրել է Թուրքիայում արգելված «Քրդական աշխատավորական» կուսակցությունը:
«Ու դրանից հետո դուք մեզ ասում եք. «Եթե դուք փոխեք հակաահաբեկչական օրենքը, մենք չեղյալ կհայտարարենք վիզաները: Ներողություն, մենք կգնանք մեր ճանապարով, իսկ դուք գնացեք՝ ձերով»,- հայտարարել է Էրդողանն իր հեռուստաուղերձում:

Էրդողանը կարծում է, որ այդ օրենքները հարկավոր են, որպեսզի պայքարի քուրդ ապստամբների դեմ Թուրքիայում և ջիհադիստների դեմ: Ընդդիմախոսները, սակայն, պնդում են, որ այդ օրենքներն օգտագործվում են Թուրքիայի նախագահի ընդդիմախոսներին՝ լրագրողներին և այլախոհ պրոֆեսորներին ճնշելու համար:

Տեսանյութեր

Լրահոս