«Այլևս ոչ ոք չկա, որի վրա հույս դնենք. մենք պետք է զենք արտադրենք». Կոմանդոս. a1plus.am

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է գնահատում այն փաստը, որ այս պահին օրակարգում ՀՀ կողմից Արցախի ճանաչման հարցն է։ «Այդպիսի տեսակետ ունի մեր ղեկավարությունը, ճիշտ են անում, որ քննարկում են այդ հարցը։ Բայց մենք ունենք նաև Մինսկի խումբ, պետք է այդ երկու աշխատանքը համատեղել։ Ես կողմ եմ, որ այս հարցի մասին խոսվի, բայց կոնկրետ որոշումը պետք է համաձայնեցնել Մինսկի խմբի հետ։ Դա նրա համար, որ բանակցությունների հարցը չխախտվի, այդ օրգանիզմն աշխատի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է նա։

Մի կողմից էլ հերոսը շեշտում է՝ ես քաղաքական գործիչ չեմ և չեմ ուզում մտնել այդ հարցերի մեջ։

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երեկ տեսակետ էր հայտնել, որ մենք չենք կարող զենք արտադրել, քանի որ այդ դեպքում մեր քթին կխփեն («Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»,- ասել էր Ռադիկ Մարտիրոսյանը):

Ի՞նչ տեսակետ ունի պարոն Տեր-Թադևոսյանն այս մասին. «Առաջին օրվանից ասում ենք, որ մենք խաղաղ ժողովուրդ ենք, մեզ տվեք գումար և ամեն ինչ կանենք։ Մեր ազգը շատ տաղանդավոր է, ինձ մոտ խումբ է աշխատում, բացի այդ՝ գալիս են մարդիկ, և առանց գիտական կրթության՝ առաջարկում են իրենց օգնությունը։ Եվ ասում են, թե ինչպես կարող ենք զենք արտադրել։ Կարծում եմ՝ մենք պետք է զենք արտադրենք, անհրաժեշտ է դա։ Թուրքիան զենք արտադրում է, Պակիստանն արտադրում է, Ուկրաինան, Ռուսաստանն օգնում են Ադրբեջանին։ Իսկ մեզ ո՞վ է օգնում։ Մենք պետք է ինքներս մեզ օգնենք, այլևս ոչ ոք չկա, որի վրա հույս դնենք»։

Գեներալ-մայորը շարունակում է աշխատանքը տարբեր երկրներից ժամանած գեներալների հետ։ «Ուզում ենք օգտակար լինենք բանակին, չքննադատենք, այլ կոնկրետ գործով զբաղվենք»,- շեշտել է նա։

Տեսանյութեր

Լրահոս