
Երևանում առաջին անգամ կայացել է աղջիկների ըմբշամարտի մրցաշար

Երևանի Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է աղջիկների ըմբշամարտի անդրանիկ առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում էին կրտսեր տարիքի պատանի ըմբիշներ՝ Երևանից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Մարզիկները մրցում էին 2 քաշային կարգերում՝ մինչև 50 կգ և մինչև 66 կգ:
Մինչև 50 կգ քաշայինների պայքարում հաղթող դարձավ Անի Առաքելյանը, մինչև 60 կգ քաշայինների պայքարում լավագույնը արցախցի Ժենյա Խաչատրյանն էր:
«Այս մրցաշարը առաջին անգամ է կազմակերպվում: Որոշեցինք մարզադպրոցի բաց առաջնություն անցկացնել, որպեսզի աղջիկներն էլ մրցակցություն տեսնեն, ընտելանան: Ուրախալի է, որ մեր երկրում աղջիկները սկսել են մարզվել ըմբշամարտով: Նրանք մարզվում են մեր մարզադպրոցում, «Հայաստան» մարզական միությունում, Արտիմեդում և Արցախում: Ժամանակի հետ, երբ աղջիկների թիվն ավելանա և ավելի զգալի լինեն նրանց նվաճումները, ֆեդերացիան վստահորեն պետք է նրանց սատարի: Այժմ դեռ ժամանակ է պետք»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը: