«4+4+4» ձևաչափով առաջին հանդիպումը սկսվեց սկանդալով
Այսօր Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով աշխատանքային հանդիպումը սկանդալային ձևով սկսվեց: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Արտակ Զեյնալյանի, Տիգրան Եգորյանի, Դանիել Իոնիսյանի և Սոնա Այվազյանի անունները նախապես ներկայացված չեն եղել ԱԺ անցակետ, այնուհետև խնդիր էր առաջացել անձը հաստատող փաստաթղթերը անցակետում թողնելու հետ կապված: Իշխանական «քառյակի» կողմից հանդիպման մասնակիցները 6-ն էին՝ Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Հովհաննես Սահակյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան և Հրայր Թովմասյան, ընդդիմության քառյակի ներկայացուցչները՝ 3-ը՝ Լևոն Զուրաբյան, Հովհաննես Մարգարյան և Նարա Զոհրաբյան:
Մինչ Լ.Զուրաբյանը փորձում էր հեռախոսով կարգավորել քաղհասարակության ներկայացուցիչների` ԱԺ մուտք գործելու խնդիրները, իշխանական «քառյակը» դժգոհում էր իրենց սպասեցնելու համար: «Ինքը կես ժամ նստի, խոսի, ես սպասե՞մ: Կես ժամն արդեն անցավ»,- բողոքեց Դ.Հարությունյանը:
Հ.Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ անցագրերն իջեցվել են, սակայն կարգն է, որ անձը հաստատող փաստաթուղթը պետք է թողնեն անցակետում, իսկ ՀԿ սեկտորի կողմից անլրջություն է, որ չեն ուզում անձնագրերը թողնել:
Ա.Հովհանիսյանը դժգոհեց, որ ժամանակ են կորցնում՝ սպասելով համապատասխան քննարկմանը. «Քննարկումը շատ ավելի կարևոր հարցի շուրջ է, քան ԱԺ ելումուտի կարգը, նույն մարդիկ բազմաթիվ անգամներ ելումուտ են արել և տեղեկացված են կարգի մասին: Այս վերաբերմունքն այնքան էլ լուրջ չեմ համարում»:
Քաղհասարկության «քառյակին» դիմավորելու համար Լ.Զուրաբյանն իջավ անցակետ: Ա.Զեյնալյանը հայտարարեց, որ ոչ իրավաչափ է նույնականացման քարտը գրավ վերցնելը, քանի որ դրա մեջ գտնվում է նաև էլեկտրոնային ստորագրությունը:
Հանդիպումն, ի վերջո, սկսվեց ավելի քան կես ժամ ուշացումով: