Օբյեկտիվ քննության նպատակով՝ խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ
2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում մի խումբ անձանց կողմից քաղաքացի Քաջիկ Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Որոշման օրինականությունը ստուգող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: