Մեկնարկել են դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականի հուլիսի 18-ից 24-ը կազմակերպում է դպրոցականների երրորդ համահայկական օլիմպիադան`«Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից: Օլիմպիադայի նպատակն է` ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը Սփյուռքում և Հայաստանում:
Օլիմպիադային կարող են մասնակցել 14-ից 18 տարեկան պատանիներ և երիտասարդներ: Մրցույթներն անցկացվելու են երկու տարիքային խմբերի համար` 14-15 և 16-18: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ: