Կառավարությունը կմերժի մարտի 1-ը որպես զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր նշելու առաջարկը
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում են լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և մարտի 1-ը նշել որպես 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Սակայն ՀՀ կառավարությունը համաձայն չէ: Վաղը կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի մերժման հիմքերը:
Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ որպես հիշատակի օրեր ՀՀ-ում նշվում են՝ ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, բռնադատվածների հիշատակի օրը, երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, իսկ նախագծով նախատեսվող կարգավորումները բովանդակային առումով չեն համապատասխանում օրենքի դրույթներին: «Նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա:
Մասնավորապես՝ նախագծի հիմնավորման համաձայն «թեև ֆորմալ առումով շարունակվում է մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում»: Այսինքն՝ նախագիծը քաղաքական գնահատական է տալիս իշխանությունների, դրա առանձին մարմինների աշխատանքին և արդյունքում առաջարկում է իրավական լուծում, որը սկզբունքորեն չի համապատասխանում այն օրենքի տրամաբանությանը, որում առաջարկվում է փոփոխություն կատարել: Նախագծում կիրառվում է նաև «պետական ահաբեկչություն» հասկացությունը, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,- ասվում է կառավարության որոշման նախագծում: