
«7 հոգով 70 հոգանոց ախորժակ ունեք, չի՛ կարելի». Էդուարդ Շարմազանով

«Մենք պետք է անենք հնարավորը, որ մեր հանրությունը վստահի ընտրությունների ընթացքին և արդյունքին: Ինչպե՞ս պետք է դա անենք, սա արդեն պետք է քննարկենք բոլորս»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կազմակերպված հասարակական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ընդդիմադիր որոշ գործընկերներ «կոնսոլիդացիա», «կոնսենսուս» բառերի իմաստը շփոթել են, դա չի նշանակում, որ ընդդիմությունն ինչ ասի՝ իշխանությունները պետք է հալած յուղի տեղ ընդունեն, նաև չի նշանակում, որ իշխանության ասածներն ընդդիմությունը պետք է հալած յուղի տեղ ընդունի. «Մենք պատրաստ ենք՝ փոխզիջումների արդյունքում նստենք ու քննարկենք»:
Է.Շարմազանովը կրկնեց Դավիթ Հարությունյանի խոսքը՝ ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակումը չի թույլատրվում, բայց կարելի է ծանոթանալ և քաղվածք վերցնել: Նա նաև նշեց, որ, եթե մի ուժ չունի բավարար քանակով վստահված անձ, դրանում մեղավոր չեն ո՛չ Դավիթ Հարությունյանը, ո՛չ Հովհաննես Սահակյանը, և ո՛չ էլ ուրիշ մեկը. «Բա որ դուք ձեր վստահված անձանց չեք վստահում, դուք էս ի՞նչ քաղաքական ախորժակով եք մտնում ընտրությունների մեջ, 7 հոգով 70 հոգանոց ախորժակ ունեք, չի՛ կարելի»:
Է.Շարմազանովն առաջարկեց աշխատել բոլորը միասին՝ առանց ավելորդ զգացմունքների: