
«Արժանապատվությունից ցածր են գտել մասնակցել ձեր էժանագին ներկայացմանը». Լևոն Զուրաբյանի պատասխանը Դավիթ Հարությունյանին

«Էս գլխից ամեն ինչ որոշված է և ամեն ինչ անում են, որ մերժեն մեր 4+4+4 ֆորմատը»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ խորհրդարանական ուժերի հետ ԸՕ քննարկման ժամանակ իբր ընդունեցին 4+4+4 ֆորմատով առաջարկը, բայց հիմա ամեն ինչ անում են այն վարկաբեկելու, վիժեցնելու համար.
«Ո՞վ է ասում, որ այն պետք է լինի միակը, գնացեք բանակցեք «Սյունյաց արծիվների» հետ, «Պանդուխտ» հ/կ-ի հետ: Սա միակը չի, բայց այս ձևաչափից է կախված լինելու իրականում ժողովրդի վստահության բարձրացման խնդիրը»:
Անդրադառնալով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքին, ով խնդրեց՝ ձեռք բարձրացնեն այն կազմակերպությունները, որոնք ստորագրել են միասնական պլատֆորմի տակ, բայց ոչ ոք ձեռք չբարձրացրեց, Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ ստորագրողներից առնվազն 20 հոգի նստած է դահլիճում, բայց նրանք պարզապես չցանկացան մասնակցել այդ «ներկայացմանը».
«Արժանապատվությունից ցածր են գտել մասնակցել ձեր էժանագին ներկայացմանը»: