«Ես միշտ դեմ եմ եղել, որ միայն տեսաբաններ լինեն ԱԺ-ում». Վահրամ Բաղդասարյանը` Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի մասին

«Անհրաժեշտ է քաղաքական կամք և պետք է դրսևորենք, որ անացկացնենք այնպիսի ընտրություններ, որ փարատենք կասկածները: Նախկինում տարբեր գնահատականներ են եղել, որ կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել, եղել են արջի ծառայություններ, իսկ եղած խախտումները չէին կարող ազդել արդյունքների վրա: Եթե մենք ստեղծում ենք Ընտրական Օրենսգիրք, դա պետք է այնպիսին լինի, որտեղ զետեղված լինեն ընդդիմադիրների և քաղաքացիական հասարակության մտահոգությունները»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ ընդդիմությունը «մատի փաթաթան է դարձնում այս կետը, այն կետը», և այն քաղաքական ուժերը, որոնք գնահատել են իրենց ռեսուրսը, հույս չունեն ԱԺ անցնելու, պատրվակներ են փնտրում:

Հարցին, թե Առաքել Մովսիսյանը, Մանվել Գրիգորյանը, Մհեր Սեդրակյանը այլևս չեն լինի՞ ԱԺ-ում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե որևէ մեկին իրավունք չունեն արգելել մասնակցել ընտրություններին, ժողովուրդը ինքը պետք է որոշի. «Եթե որևէ քաղաքացու արգելենք մասնակցել ընտրություններին, ես կարծում եմ, դա այդքան ճիշտ վարվելակերպ չի լինի մեր կողմից: Մենք պետք է կարողանանք ունենալ քաղաքականացված խորհրդարան, լինի այնպիսի թիմ, որտեղ լինեն տարբեր բնագավառների մարդիկ: Ես միշտ դեմ եմ եղել, որ միայն տեսաբաններ լինեն ԱԺ-ում, պետք է նաև պրակտիկ մարդիկ լինեն: Եթե հարցնեք, մարդիկ ավելի գոհ են այն պատգամավորներից, որոնք իրենց խնդիրներով են զբաղվել, շոուներով չեն զբաղվել»: Ընդդիմադիր ուժերի կողմից Ընտրական Օրենսգրքի ներկայացված նախագծի դեմ միասնական պլատֆորմ ձևավորելու հնարավարության վերաբերյալ Վ.Բաղդասարյանը նշեց, որ բազմիցս նման փորձեր կատարվել են՝ քառյակ, եռյակ, երկյակ, բայց մինչ պլատֆորմ ձևավորելը, յուրաքանչյուր խմբակցություն ինքն իր մեջ պետք է միասնականություն ձևավորի:

Տեսանյութեր

Լրահոս