
Ստորագրվել են կրթության և գիտության բնագավառում համագործակցության պայմանագրեր

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտ 15-ին կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է նաև Կիպրոսի Հանրապետություն: Նախագահներ Նիկոս Անաստասիադիսի և Սերժ Սարգսյանի առանձնազրույցի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Կիպրոսի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառում 2016-2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև երկու երկրների բուհերում ուսումը սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը: