Վիճաբանություն Աժ-ում. «Համբալ, անասունը դու ես, արա»
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանի կողմից անցկացված «հերթական խորհրդավոր» հավաքին, որի ժամանակ ՀՀ նախագահը հայտարարեց, որ արագաչափերի ներդրման արդյունքում դեպքերը մոտ 70%-ով կրճատվեցին, իսկ հետո կրկին զգալի կրճատվեցին ճանապարհատրանսպորտային խախտումները, սակայն տեսախցիկների և արագաչափերի տեղադրումից հետո դրանք իրականում աճել են. 2015 թ-ին 2012 թ. համեմատ աճը կազմել է 122%:
Ն.Փաշինյանը նշեց, որ կառավարության անդամներն այս աճը կապում են ավտոմեքենաների թվի աճի հետ, բայց, ըստ նրա, խախտումների աճը պայմանավորված է արագաչափերի և տեսախցիկների թվի ավելացմամբ, ինչի արդյունքում ավելանում են նաև ճանապարհատրասնպորտային պատահարները:
Ն.Փաշինյանը նշեց, որ խախտումների դիմաց գանձումների 50%-ը գնում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որը կապվում է Ս.Սարգսյանի ընտանիքի հետ: Պատգամավորը հարցադրում արեց, թե ի՞նչ են տալիս այդ արագաչափերը:
ՀՀ արդարադատության նախարար Արփնիե Հովհաննիսյանը նշեց, որ ավտոմեքենաների 45%-ը բաժին է ընկնում Երևանին, 2015թ-ին ավտոմեքենաների թիվն ավելացել է 15%-ով: Նա ներկայացրեց վիճակագրություն, որի համաձայն 2011 թ-ին, երբ չկային արագաչափ սարքեր, եղել է 1016 պատահար, սարքերի տեղադրումից հետո դեպքերը մի փոքր աճել են, բայց զոհերի թիվը նվազել է:
Ն.Փաշինյանի խոսքով՝ գլոբալ խնդիրն այն է, որ աճում են թե՛ դեպքերը, թե՛ ֆինանսական բեռը, և այդ պայմաններում ինչի՞ համար են տեսախցիկները, որևէ հետազոտություն կա՞, որ եթե դրանք չլինեն, վիճակն ավելի վա՞տ կլիներ: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս բոլոր թվերն արձանագրվում են արտագաղթի ֆոնին:
Պատգամավորը բարձրացրեց Ս.Սարգսյանի կոմպետենտության խնդիրը, մասնավորապես այն առումով, որ նա ասում էր` թվերը 70%-ով նվազել են, բայց նախարարության տրամադրած թվերի մեջ ոչ մի 70% չկա: Փաշինյանի այս հարցադրումը հարուցեց ՀՀԿ-ականների բուռն դժգոհությունը:
Կարեն Ավագյանն ու Առաքել Մովսիսյանը (Շմայս) վիճաբանություն սկսեցին նրա հետ: Մովսիսյանը Փաշինյանին անվանեց «համբալ», «անասուն», «դիշովկա»:
«Համբալ, անասունը դու ես, արա… դիշովկան դու ես, արա»,- վիրավորանքներին հակադարձեց Ն.Փաշինյանը:
Ա.Մովսիսյանը շարունակում էր բղավել «պապայի բիզնեսի» մասին, «հերիք էլավ», սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը միջամտեց և փորձեց հանգստացնել,
Փաշինյանին հորդորեց հարցը տալ ու խոսել այդ թեմայի մասին: Նա նաև հարկ համարեց նշել, որ նույն բանը 10 անգամ կրկնելուց քաղաքական կշիռը չի ավելանում:
Ի վերջո, կրքերը հանդարտվելուց հետո, Ա.Հովհաննիսյանը հայտարարեց, որ սարքերը տեղադրելուց հետո մարդկանց զգոնությունը բարձրացել էր, հետո կարճ ժամանակահատվածի ընթացքում իրավիճակը փոխվեց:
«70% թիվը կոնկրետ խաչմերուկների է վերաբերվել, կոմպետենտության խնդիր չկա»,- հայտարարեց նախարարը:
https://www.youtube.com/watch?v=ixuuoJgTI34