«Չի՛ կարելի թքել Սահմանադրության վրա, չիշիկ անել Սահմանադրության վրա». Հրանտ Բագրատյան
«Հիշո՞ւմ եք, որ Դուք կուրծքներդ ծեծելով՝ պաշտպանում էիք Սահմանադրությունը, բայց գոնե էդ Սահմանադրությունում, որը ես չեմ պաշտպանել ընդհանուր առմամբ, առանձին կետերի մասին հարցրել են՝ ասել եմ: Սահմանադրությունում գրված է՝ ընդունում ենք մենաշնորհ հասկացությունը և կարգավորում ենք: Ի՞նչ իրավունք ունի հանրապետությունը՝ 3 ամիս ապրի արտասահմանադրական միջավայրում: Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ասում են՝ ցուցակները ո՞նց տպենք, գաղտնիությունը կխախտվի, բայց ո՞նց եք խախտում 3 ամիս ա, բա ինչի՞ չեք ասում՝ Շաբոյան, էս ի՞նչ ես բերել, որով դեֆինացվում է մոնոպոլիստը, և մոնոպոլիստի ձեռքից որոշվում է, թե ինչքան շահույթն է մուտք արվում բյուջե»,- այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ քննադատելով, թե ինչպե՞ս կարելի է ՏՄՊՊՀ ծրագիրը պարզապես ի գիտություն ընդունել:
«Չի՛ կարելի թքել Սահմանադրության վրա, չիշիկ անել Սահմանադրության վրա, դաժե ձեր ընդունած Սահմանադրության վրա, հասկանո՞ւմ եք»,- շարունակեց Հ.Բագրատյանը:
Նա նշեց, որ «Ռոսնեֆտի» մոնոպոլիան պայմանավորված է դեկտեմբերին ստորագրված պայմանագրով, և դա է պատճառը, որ աշխարհում գներն ընկնում են, բայց Հայաստանում չենք կարող իջեցնել: Հ.Բագրատյանը խորհուրդ տվեց չասել՝ գին կարող է բարձրացնել, եթե աշխատավարձ կամ այլ գործոն է փոխվել, քանի որ գինը կարող է փոխվել միայն պահանջարկի ու առաջարկի հիման վրա, և չի կարելի ՏՄՊՊՀ-ն դարձնել խորհրդային ժամանակների գների կարգավորման պետական կոմիտե:
ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բարձր է գնահատում Բագրատյանի վաստակը, խոսքի ազատության իրավունքը, հորդորեց կոռեկտ քննադատել. «Այլ բառերով ձևակերպեք, ես ինձ էլ լավ չեմ զգում, որ Ձեր նման մարդուն պետք է ասեմ»:
«Ես իսկականից կրակն եմ ընկել: Ինչը 93-95թթ. հետ չի կապվում, Ձեր համար աբսուրդ ա: 100 հոգով քվեարկած օրենքին ասում ես՝ աբսուրդ ա, միակ ճիշտը դու ես, կներես, որ «դու»-ով եմ դիմում, Դուք եք»,- դժգոհեց ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Նրա կարծիքով՝ աբսուրդն այն է, որ Բագրատյանը մի անգամ առաջարկություն չի արել. «Հասկանում եմ ընտրություններին մոտիկ ա, ամեն մեկդ էլ չափարից պիտի թռնեք արդեն»:
«Աբսուրդը էն է, որ ի գիտություն չեք ընդունելու ծրագիրը: Եթե ըստ պահանջարկի և առաջարկի է, էս մարմինն ինչի՞ ենք ստեղծել, աշխատավարձ ինչի՞ ենք տալիս,- ասաց Այվազյանը և շարունակեց,- Սահմանադրությունն իմն ու Ձերն ա, պարոն Բագրատյան, ու հարց ա՝ Դո՞ւք դրանից շատ կօգտվեք, թե՞ ես»:
Հ.Բագրատյանն ընդունեց Շարմազանովի դիտողությունը. «Ես պարզապես կատակ արեցի, մի փոքր՝ չար»:
Անդրադառնալով Այվազյանին՝ Հ.Բագրատյանը հայտարարեց, որ դեմագոգիայի կարիք չկա, և նշեց, որ օրենքների նախագծեր այլևս չի բերելու, քանի որ իր հեղինակած 32 օրենքներից ոչ մեկը չի ընդունվել. «Թողնում, սառեցնում եք, հետո ինքներդ եք ներկայացնում»»:
Հ.Բագրատյանը նշեց, որ ընտրություններից հանրապետականներն են ավելի ոգևորվել. «Չենք էլ ասել՝ ընտրությանը մասնակցում ենք, չենք մասնակցում, հարց ենք տվել՝ հարցին պատասխանեք, ոչ թե ասեք՝ ոգևորվել եք»:
«Մենք երկրի բնականոն կյանքին ենք մասնակցում»,- նկատեց Այվազյանն ու հայտարարեց, որ ՏՄՊՊՀ ծրագիրն ի գիտություն է ընդունվում՝ առանց քվեարկության: