«Ինչի՞ համար ես պետք է 1 միլիոն վճարեմ». ՀՅԴ նոր պատգամավորը` իր ընտրության մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքը բավականին կլոր գումար է տվել ՀՅԴ-ին՝ համամասնական ընտրացուցակում հայտնվելու համար:

«Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այդ լուրերը: Կարդացել եմ, գրված է 1 միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է 1 միլիոն վճարեմ, եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավվեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավվի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք: Բիզնեսը՝ նորմալ է»,- ասաց Կ.Շահմուրադյանը:

Նա նշեց, թե հակասություն չի տեսնում պատգամավոր դառնալու և բիզնեսմեն լինելու մեջ: Ըստ Շահմուրադյանի՝ երբ պատգամավորը զբաղվում է պատգամավորական աշխատանքով, նա իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ. «Բնականաբար, ես բիզնեսով հիմա էլ չեմ զբաղվելու: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք, բիզնեսի մեջ մեք եղբորս հետ միասին ենք, բիզնեսով կզբաղվի եղբայրս»:

Կ. Շահմուրադյանը նաև կողմ արտահայտվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին, որի արդյունքները ապագայում կերևան. «Եթե կողմերը կարողանան համերաշխ աշխատել, կաշխատենք, վատ բան չեմ տեսնում»:

Նա նաև վստահեցրեց, թե չի դառնա կոճակ սեղմող հերթական պատգամավոր:

Տեսանյութեր

Լրահոս