ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի կապակցությամբ: Թող գարնանային այս գեղեցիկ տոները ևս մեկ անգամ ընդգծեն Ձեր կարևոր դերը տարբեր ոլորտներում և առանձնահատուկ` առողջապահական համակարգում: Մի համակարգ, որտեղ կարեկցանքի, բարության, հուսալիության և իհարկե մարդկային ջերմության առկայությունը պայմանավորված է ձեր ներկայությամբ:
Իմ երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերն եմ ուղղում նաև առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բոլոր կանանց՝ բժիշկներին, բուժքույրերին և կրտսեր բուժանձնակազմին: Տարեսկզբին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման, ինչպես նաև շատ այլ առողջապահական մարտահրավերների հաղթահարման գործում մեծ հարգանքի է արժանի Ձեր ամենօրյա նվիրական, քրտնաջան և անձնուրաց աշխատանքը:
Վստահ եմ, այսօր ևս շատ կին բուժաշխատողներ տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդի կողքին: Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը: Թող ձեր ընտանիքներում միշտ իշխի փոխըմբռնումն ու ջերմությունը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան