Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ
Թանկագի՛ն կանայք,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Ավանդաբար Մարտի 8-ը նշվում էր որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Մեզ համար այն ևս մեկ առիթ է գնահատելու եւ արժևորելու ձեր աշխատանքը, արտահայտելու մեր խորին երախտագիտությունը, սերն ու հարգանքը:
Դուք միշտ մեզ հետ եք, մեր կողքին. Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրից, երբ մեր արդարացի պահանջն էինք ներկայացնում աշխարհին, կենաց-մահու պայքար մղում թշնամու դեմ, հետագայում, երբ պետք էր ոտքի կանգնեցնել տնտեսությունը, վերականգնել ավերված գյուղերն ու քաղաքները, կերտել մեր անկախ պետականությունը, և այսօր, երբ անհրաժեշտ է շենացնել ու զորացնել Արցախը, դաստիարակել արժանի սերունդ: Դուք ամեն տեղ ձեր անգնահատելի ավանդն եք բերում` մնալով միշտ գեղեցիկ ու հմայիչ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ և մաղթում, որ միշտ լինեք առողջ ու երջանիկ, ուրախ ու անկրկնելի: Իսկ մենք կանենք հնարավորը, որպեսզի ձեր կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու խաղաղ:
Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ արցախուհիներ: