
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ընդունում է ՀԱԿ-ի առաջարկները

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից օրերս ստացել է ընտրական նոր օրենսգրքի հետ կապված վերջիններիս կողմից առաջարկվող 4 սկզբունքային կետերը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկել է ՀԱԿԿ առաջարկները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վերաբերյալ կուսակցությունը հրապարակայնորեն բազմիցս բարձրաձայնել է, ուստի հայտարարում ենք, որ պաշտպանում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջ քաշած 4 կետերը: Ավելին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է մի շարք լրացուցիչ սկզբունքային դրույթներ, որոնք անհրաժեշտ են հնարավորինս կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար:
Ստորև ներկայացվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկությունները.
- Տեղից տեղ քվեարկության արգելում (քվեարկություն ըստ հաշվառման վայրերի):
- Ընտրական արդյունքների ամփոփում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (մարզային ընտրական հանձնաժողովներ):
- Քվեարկության մասնակիցների թվի հրապարակում, ժամ 20:30-ին՝ ըստ ընտրատարածքների և 21:30-ին՝ ըստ տեղամասերի:
- Քվեարկության օրվանից 10 օր առաջ վերջնական ցուկացները փակցվում են ընտրատեղամասերում և փոփոխման ենթակա չեն:
- Մինչ քվեաթերթիկները տրամադրելը տեղի է ունենում ընտրողի անձի նույնականացում՝ մատնահետքով և լուսանկարով:
- Մասնակիցների թվի ավտոմատ հաշվարկում (ծրարը քվեատուփ գցելուց) օնլայն դիտարկման եղանակով:
«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան