«Ալլահ աքբար». ականատեսները պատմել են Մոսկվայի մետրոյի մոտ սևազգեստ դայակի պահվածքի մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայի իրավապահ մարմինները «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ի սահմաններում ձերբակալել են 4-ամյա Նաստյա Մ-ին գլխատելու մեջ կասկածվող Գյուլչեխրա Բոբոկուլովային, ով սպառնում էր իրեն պայթեցնել՝ մի ձեռքում պահելով երեխայի գլուխը:

Ավելի ուշ պարզվել էր, որ կինն Ուզբեկստանի քաղաքացի է, ծնվել է 1978 թվականին: Վերջինս դայակ է աշխատել անօրինական: Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե երեխային որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին: Ներկայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոնում են կնոջ ամուսնուն, որպեսզի վերջինիս մասնակցությամբ իրականացնեն անհրաժեշտ քննչական գործողություններ:

Հայտնի է, որ կինն այսօր առավոտյան եկել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը:

Ինչպես RIA Novosti-ին հայտնել են մուտքի բնակիչներից, բնակարանը «այրվել է շատ արագ»՝ ընդամենը մի քանի րոպեում:

Рен-ТВ հեռուստաալիքի տեղեկություններով՝ կինը սպառնացել է, որ իրեն կպայթեցնի, ու ինչպես հայտնում են ականատեսները, բղավել է «Ալլահ աքբար» ու սկսել է բարձրաձայն խոսել:

«Նա «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ եկավ կարմիր փաթեթով, որտեղից հանեց երեխայի գլուխը: Նա երկար քայլում էր փողոցով ու ինչ-որ բան էր բղավում, սակայն նրան ոչ ոք չէր մոտենում, բոլորը վախենում էին»,- պատմել է ականատեսներից մեկը: Կինը երեխայի գլուխը ձեռքին մոտ 20 րոպե քայլել է մինչ ձերբակալվելը:

Դատելով համացանցում հրապարակված տեսագրություններից՝ կինը խոսել է ռուսերեն ու սպառնում անցորդներին, որոնք վախենում են նրան մոտենալ:
Ականատեսներից մեկն էլ հայտնել է, որ երբ փողոցում հայտնվել է ոստիկան ու գնացել կնոջ կողմը, վերջինս բղավել է, որ իրեն չմոտենա, այլապես «կպայթցնի իրեն»:
«Երբ հայտնվեցին այլ ոստիկաններ, նրանք փակեցին մայթն ու ոչ ոքի թույլ չէին տալիս մոտենալ, իրենք էլ չէին մոտենում, իսկ հետո եկան ոստիկանական մեքենաներ ու նրան ձերբակալեցին»,- պատմել է նա:

Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանի մոտ ոչ մի պայթուցիկ սարք չի եղել: Քննիչները ենթադրում են, որ կինն անմեղսունակ է: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս