«Ես շատ անգամներ եմ եղել Հայաստանում և հույս ունեմ դեռ շատ եմ այստեղ վերադառնալու». Իրինա Ռոդնինա
Այսօր «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի մամուլի ասուլիսը: Լրագրողների հետ հանդիպմանը գեղասահորդուհին նշեց, որ Հայաստան է ժամանել «Գրիբոյեդով» բանավիճային ակումբի հրավերով.
«Ես շատ անգամներ եմ եղել Հայաստանում, ընդ որում, լուրջ հարցերի բերումով, և հույս ունեմ՝ դեռ շատ եմ այստեղ վերադառնալու, բայց երբեք այսքան մեծ թվով լրագրողների հետ հանդիպում չեմ ունեցել այստեղ: Սա ինձ համար հաճելի այց է, որովհետև այս անգամ ես պատիվ ունեցա լինելու անցյալ տարվա ընթացքում Երևանում բացված գեղասահքի մարզադպրոցում, որն իմ անունն է կրում, և որը շատ հաճելի և պարտավորեցնող իրողություն է: Ես տեսա, թե ինչպիսի երեխաներ են այնտեղ հաճախում, ծանոթացա նաև խնդիրներին, որոնք առկա են այս պահին: Հետևաբար՝ այսուհետ ամեն անգամ իմ հայաստանյան այցերը կկազմակերպվեն այնպես, որ ես կարողանամ այդտեղ ինչ-որ առումով առնչվել նաև այդ դպրոցի աշխատանքների հետ»:
Կլինե՞ն արդյոք Երևանում վարպետության դասեր՝ հայտնի գեղասահորդուհու մասնակցությամբ, թե՞ ոչ: Այս մասին Իրինա Ռոդնինան ասաց.
«Կարծում եմ՝ այս պահին այստեղ վարպետության դասի անցկացումն ամենաառաջնային անհրաժեշտությունը չէ: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում: Ինձ խնդրել են համակարգել և ընթացք տալ գեղասահքի նորաբաց դպրոցի աշխատանքներին, և ես ինքս առաջնային աշխատանք եմ համարում սա: Մենք այսօր արդեն ուրվագծեցինք, թե ինչ է պետք անել՝ առաջին հերթին, և դա կլինի սեմինարների մի շարք, որ շատ օգտակար կլինի ինչպես՝ մարզչական կոլեկտիվի, այնպես նաև՝ կազմակերպչական աշխատանքների ճիշտ վարման և մաքսիմալ արդյունավետություն ապահովելու ուղղությամբ»:
Լրագրողների հետ հանդիպմանը գեղասահորդուհին նշեց, որ իրենք արդեն իսկ ունեն դրական և արդյունավետ աշխատանքի լավ փորձ և ուրախ կլինեն այն ներմուծել նաև երևանյան նորաբաց գեղասահքի դպրոցում.
«Խորհրդային տարիներից մեզ ժառանգած ցավալի սովորություն կա, երբ գեղասահքի դպրոց եկած երեխաներին «ընտրում» էին, ի սկզբանե հաճախ ցավալիորեն բաց թողնելով այնպիսի կադրերի, որոնք իբր այս կամ այն չափանիշներով չէին համապատասխանում այս սպորտաձևին: Ես կարծում եմ՝ հնարավորություն է պետք տալ ցանկացած երեխայի, ով ուզում է ստանալ այս սպորտաձևում իրեն դրսևորելու շանս: Հետագան ամեն ինչ ցույց կտա՝ կշարունակի՞ նա զարգացնել իր ուժերն այս ուղղությամբ, կհասնի՞ հաջողությունների, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Երևանում տեղի ունեցավ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում (Հեծանվահրապարակի հարևանությամբ) գտնվող նորակառույց գեղասահքի մարզադպրոցը Երևանի ավագանու 25.11.2015թ. որոշմամբ անվանափոխվել է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի և կգործի անվանի գեղասահորդ Իրինա Ռոդնինայի ղեկավարությամբ:
Իրինա Ռոդնինան նաև ակտիվ հասարակական և պետական գործիչ է` «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր, Պետդումայի ԱՊՀ-ի և հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ։